38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ցավալի իրողություն, նույնքան աններելի, որքան և դատապարտելի

Ցավալի իրողություն, նույնքան աններելի, որքան և դատապարտելի
16.09.2008 | 00:00

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՏԱՍՆՅՈԹ ԱԿՆԹԱՐԹԸ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը բոլորեց իր 17-րդ տարեդարձը։ Ազատ Արցախը հասակ առավ ևս մեկ տարով:
Տասնյոթ տարի, տասնյոթ գարուն, որ տիեզերական ժամանակի մեջ վայրկյանի արժեք էլ չունի, իսկ Արցախի համար չափվում է անկախության ճանապարհին ոտք դրած մանուկի առաջին «հափսալից» մինչև հասուն պատանու ինքնահաստատման անդրանիկ քայլքը, դարերի սահմանագծին անկախացած Արցախի՝ երիտասարդ դառնալու տոնական տարեդարձ: Ցավոք, այս հիշարժան օրը մեզանում մի տեսակ աննկատ անցավ, առանց խանդավառության, չանցկացվեց և ոչ մի հանդիսություն, իսկ երկրիս ղեկավարները բավարարվեցին սոսկ պաշտոնական շնորհավորանքներով: Եթե Հայաստանում այդպես է «նշվում» ազատագրված Արցախի անկախության օրը, ապա ի՞նչ կարելի էր ակնկալել սփյուռքից. թերևս՝ նույնպիսի անտարբերություն ու մոռացկոտություն: Տխուր ու խիստ ցավալի իրողություն է, նույնքան աններելի, որքան և դատապարտելի:
Իրենց երկրներում առևտրատնտեսական, ինչու չէ՝ նաև քաղաքական որոշակի ազդեցություն ունեցող սփյուռքահայերն ինչպե՞ս կարող են ավելի ջերմ ու շոշափելի հեռվից սիրել Մայր Հայաստանն ու Արցախը, եթե դե-ֆակտո հայկական երկու պետություններից մեկի անկախության օրը գոնե իրենց բնակավայրերում տոնի չեն վերածում: Վերջինիս պատշաճ անցկացումը սփյուռքում մի՞թե չի կարող կազմակերպել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը: Գուցե այդ օրվա միջոցառումների համակարգումն այսուհետ ստանձնելու է սփյուռքի նորաստեղծ կոմիտե՞ն:
Իմ խորին համոզմամբ՝ չնայած անհրաժեշտ էր սեպտեմբերի 2-ը միջազգայնորեն տոնել դեռ 1990-ականների սկզբներից, սակայն այժմ էլ բնավ ուշ չէ: Ավելին՝ Կոսովոյի, Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունների միջազգային փաստացի ճանաչումից հետո աշխարհի բոլոր հայաշատ քաղաքներում Արցախի անկախության օրը հրապարակային երթերով ու տոնակատարություններով խաղաղ նշելն էապես կմեծացնի Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչման գործընթացի արդյունավետությունը:
Ակնհայտ է, որ մի քանի տասնյակ երկրների հայկական գաղթօջախների կողմից այդ օրվա խորհրդի տոնումը (Հայաստանի ու ԼՂՀ դրոշներով, պաստառներով և այլն) տվյալ պետությունների բնակիչների շրջանում բնական հետաքրքրություն կառաջացնի Արցախի հիմնահարցի վերաբերյալ, որից մինչև համապատասխան հասարակական կարծիքի ձևավորումը մեկ քայլ է: Իսկ քաղաքակիրթ երկրների քաղաքացիների հասարակական կարծիքը Հայաստանի և Արցախի համար չափազանց կարևոր է, քանի որ կարող է ոչ միայն վճռորոշ գործոն դառնալ Ղարաբաղի միջազգային ճանաչման առումով «պարարտ հող» ստեղծելու տեսանկյունից, այլ նաև Ադրբեջանի համար յուրօրինակ զսպաշապիկ կհանդիսանա, եթե մեր հարևանը, նախկին «քոթակներից» դաս չքաղելով, մի օր հանկարծ որոշի կանաչ նավթադոլարներ ներդնել նոր պատերազմում:
Լիահույս եմ՝ ՀՀ և ԼՂՀ իշխանությունները լրջորեն կվերաբերվեն, ըստ իս, այս կարևոր խնդրին, և սփյուռքի մեր միլիոնավոր հայրենակիցները 2009-ի սեպտեմբերի 2-ը հիրավի համազգային տոնի կվերածեն։ Չէ՞ որ այդ օրն անկախ Արցախի 18-րդ տարեդարձն է լինելու՝ հասունության, լիարժեք չափահասության տարիքի վկայականը:
Ի դեպ, այս տարի ևս կարող ենք միջազգայնորեն նշել Արցախի անկախությունը. խոսքը 1991 թվի դեկտեմբերի 10-ի հանրաքվեի մասին է, երբ Արցախի ժողովուրդը միահամուռ «այո» ասաց ու անբեկանելիորեն «կնքեց» իր ղեկավարության՝ 1991թ. սեպտեմբերի 2-ին ԼՂՀ անկախության մասին կայացրած պատմական որոշումը:
ԱՐԱՄ ԵՆՈՔՅԱՆ

Դիտվել է՝ 4960

Մեկնաբանություններ